Սև ու գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը չի վերացվի. ցանկը լրացվել է

Արտահանման համար արգելված ապրանքների շարքում են ներառվել նաև երկաթուղում օգտագործվող ռելսերը և հանքարդյունաբերական ձեռնարկություններում օգտագործվող աղացագնդերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է ևս 6 ամսով երկարացնել սև ու գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ2021թ-ի հունվարից գործող արգելքը:
Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում՝ առանց քննարկման ու զեկուցման:
Արտահանման արգելքի երկարացումը նախագծի հեղինակ Էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է տեղական արդյունաբերությունը զարգացնելու ցանկությամբ:
Մետաղի ջարդոն և պլաստիկ. ինչ են անում ՀՀ-ն ու ԵԱՏՄ այլ երկրները «կանաչ» տնտեսության համար
«Մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բացակայում է սև մետաղների արդյունահանումը (չկան սև մետաղի բնական պաշարներ)՝ մետալուրգիական և մետաղամշակման, ապա ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը»,- ասված է որոշման նախագծում:
Փոխարենը ներմուծված մետաղից պատրաստված ապրանքների ինքնարժեքը մի քանի անգամ բարձր է լինում՝ դրանք դարձնելով անմրցունակ:
Նախարարությունը հայտնում է, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021թ-ի հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70 000 տոննա:Բացի այդ, անցյալ տարվանից կիրառվող արգելքը նաև ավելացրել է մետաղի ջարդոնի նկատմամբ պահանջարկը, ինչն էլ հանգեցրել է դրանց գների բարձրացման: Այսպես. Եթե 2020թ-ին սև մետաղի ընդունումը եղել է 40 մլն դրամի չափով, ապա 2021-ին՝ 60 մլն:
ԵԱՏՄ-ում հաստատվել է մետաղագործական ձեռնարկությունները հումքով ապահովելու ծրագիրը
Նշենք, որ կառավարության սահմանած նոր արգելքը գործելու է 2022 թվականի հունվարի 25-ից մինչև 2022 թվականի հուլիսի 25-ը:
Նախորդ որոշումից այս որոշումը տարբերվում է նրանով, որ արտահանման համար արգելված ապրանքների շարքում են ներառվել նաև երկաթուղում օգտագործվող ռելսերը և հանքարդյունաբերական ձեռնարկություններում օգտագործվող աղացագնդերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի համար դրանք ևս կարևոր նշանակություն ունեն։