Քաո՞ս, թե՞ որակյալ շինարարություն. լիցենզավորման պարզեցումն իրարանցում է առաջացրել

Էկոնոմիկայի նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ փորձագետները տարբեր կարծիքներ ունեն։ Լիցենզավորման գործընթացի պարզեցման համախոհներն ու հակառակորդները փաստարկներ են ներկայացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանում բուռն քննարկվում է «Լիցենզավորման մասին» օրենքում ԱԺ–ի ընդունած փոփոխությունները, որոնց համաձայն Հայաստանում իրականացվող խոշոր նախագծերի համար օտարերկրյա շինարարական ընկերությունների մասնակցության գործընթացը պարզեցվում է։ Ընդդիմությունը կարծում է, որ նման փոփոխություններով իշխանությունը փորձում է շինարարական շուկա մուտք գործելու համար հասանելիություն ապահովել թուրքական և ադրբեջանական ընկերությունների համար, իշխանություներն էլ հակադարձում են, թե Թուրքիան և Ադրբեջանն ընդգրկված չեն այն երկրների ցանկում, որոնց ընկերությունների համար պարզեցվել է ընթացակարգը։
Պետությունը լիցենզիա կտա, բայց արտադրանքը չի գնի. ինչ է փոխվելու էներգետիկ ոլորտում
Ինչպես և քաղաքական գործիչների դեպքում, փորձագետների կարծիքն այս առնչությամբ ևս տարբերվում է. մի մասը որոշումը շահավետ է համարում, մյուսը` զգալի կոռուպցիոն ռիսկեր տեսնում։
ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս որոշման հետ կապված դրական հետևանքներ կանխատեսեց։ Նա կարծում է, որ բյուջեի չկատարած ծախսերի մի մասի պատճառը չկայացած մրցույթներն էին։ Տեղի ընկերությունները չեն մասնակցել դրանց, քանի որ հասկանում էին, որ բավարար որակավորում չունեն։ Իսկ այժմ օտարերկրյա ընկերությունները կկարողանան աշխատել տեղական շուկայում և խթանել մրցակցությունը։

«Ես դավադրության տեսության կողմնակիցը չեմ և չեմ կարծում, որ փոփոխություններն արվել են ինչ–որ չարաշահումների համար։ Դրա համար օրենսդրական փոփոխություն կատարել պարտադիր չէ, քանի որ այժմ էլ բազմաթիվ եղանակներ գոյություն ունեն, որոնք հնարավոր է գործարկել», – ասաց նա։

Ֆանյանը չի կարծում նաև, որ նախագիծն ազգային նշանակության կարևորություն ունի, քանի որ թուրքական և ադրբեջանական ընկերությունները մասնակցելու են ռազմավարական կարևոր օբյեկտների շինարարության մրցույթներին այլ երկրներում գրանցված ընկերությունների միջոցով։ Նրա համոզմամբ` այդ երկրներն առանց դրա էլ կարող են մասնակցել մրցույթներին օֆշորներում գրանցված դուստր ձեռնարկությունների միջոցով։
«Անձամբ ես խնդիր չեմ տեսնում շինարարությանը թուրքական ընկերությունների մասնակցության մեջ, քանի որ նրանք ունեն փորձ և Ռուսաստանում ու այլ երկրներում իրականացրած որակյալ աշխատանք։ Այդ փորձը կարող է ներդրվել Հայաստանում», – նշեց տնտեսագետը։
Երևանի քաղաքապետարանը նախկին նախարարին կոչ է արել դադարեցնել ապօրինի շինարարությունը
Ըստ նրա` եթե Երևանն ուզում է մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ կատարել, այդ փոփոխություններն անհրաժեշտ են։ Փորձագետը համոզված է, որ արտասահմանյան ընկերությունների ներգրավումը կօգնի սեղմ ժամկետներում առավել որակյալ աշխատանք իրականացնել։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կտրականապես համաձայն չէ այս տեսակետի հետ։ Նրա համոզմամբ` պետությունն ընդունած փոփոխություններով զրկվել է կարգավորումներից և շինարարական շուկայում կարող է քաոս առաջանալ, քանի որ մրցույթում հաղթած ընկերությունները կարող են անորակ ծառայություններ մատուցել, իսկ պետությունը չի կարողանա վերահսկել և խնդիրների բացահայտման դեպքում ստիպել ուղղել կամ փոխհատուցել դրանք։

«Սա իմիտացիա է։ Իշխանությունները փորձում են ցույց տալ, որ բարելավում են բիզնես միջավայրը, բայց իրականում ոչնչացնում են պետական կարգավորումները։ Արդեն մի քանի տարի է` ԵԱՏՄ երկրների ընկերությունները կարող են մասնակցել Հայաստանում գնման գործընթացներին, սակայն աշխուժություն չի նկատվում։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ կոնկրետ ընկերությունների և նրանց գործունեության վերաբերյալ տվյալներ չունի», – նշեց փորձագետը։

Միևնույն ժամանակ, Պարսյանը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, քանի որ պատասխանատու մարմինն է որոշելու` որ ընկերությանը թույլ տա մասնակցել մրցույթին, իսկ որին` ոչ։ Նրա համոզմամբ` այս սողանցքը թողնված է նրա համար, որպեսզի բոլոր այն «ընկերությունները, որոնք ոսկե սարեր են խոստանում, կարողանան մուտք գործել հայկական շուկա»։ Ինչ վերաբերում է Թուրքիայում և Ադրբեջանում գրանցված ընկերությունների մուտք գործելուն, տնտեսագետն այս պահին նման ռիսկեր չի տեսնում։
«Իսկ ահա տեղական ընկերությունները կարող են խնդիրների առաջ կանգնել, քանի որ տարբեր թույլտվություններ և լիցենզիաներ ստանալու համար ստիպված են գումարներ ծախսել։ Կան երկրներ, որտեղ լիցենզավորման գործընթացն ավելի պարզ է և քիչ ծախսատար, կամ էլ ընդհանրապես պարտադիր չէ, հետևաբար, պայմանները հավասար չեն լինի», – եզրափակեց տնտեսագետը։
Թուրքիան 30 տարի եղել է Հայաստանի «թոփ 5» առևտրային գործընկերներից մեկը. Թունյան
Նշենք, որ Հայաստանում անցկացվող մրցույթներում, օրենսդրական փոփոխություններից հետո, պարզեցված կարգով կկարողանան մասնակցել մի շարք երկրների ընկերություններ։ Ընդ որում, դրանք կարող են լինել ոչ միայն շինարարական, այլև այնպիսի ընկերություններ, որոնք զբաղվում են շինարարության որակի վերահսկմամբ, շինարարական փաստաթղթերի փորձաքննությամբ և ինժեներանախագծային աշխատանքներով, նույնիսկ այն դեպքում, եթե այն երկրներում, որտեղ դրանք գրանցված են (ի տարբերություն Հայաստանի) լիցենզավորումը տվյալ գործունեության տեսակների համար պարտադիր չէ։ Այս արտոնությունը վերաբերում է ԵԱՏՄ և ԵՄ երկրներին, Մեծ Բրիտանիային, ԱՄՆ–ին և Կանադային, Չինաստանին, Հարավային Կորեային և Ճապոնիային, Արաբական Էմիրություններին, Վրաստանին և Իրանին։
Ղազախական ճգնաժամն ու ԵԱՏՄ տնտեսությունը․ ի՞նչ է սպասվում իրավիճակի կայունացումից հետո
Նման կարգ է ընդունվում պարզեցնելու համար ՀՀ Սյունիքի մազում առաջիկա տարիներին նախատեսված մեծածավալ շինարարական աշխատանքներին օտարերկրյա ընկերությունների հասանելիությունը։ Մասնավորապես, այստեղ նախատեսված է շարունակել Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարությունը, այն էապես կարագացնի հաղորդակցությունը Երևանի և Հայաստանի հարավի միջև, ինչպես նաև հեռանկարում կկապի Իրանն ու Պարսից ծոցի երկրները սևծովյան նավահանգիստների և Ռուսաստանի հետ։ Այդ նպատակով մի շարք բարդ թունելների և կամուրջների կառուցում է նախատեսված։