ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Խոշորացված համայնքի նոր ղեկավարի ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ բողոքի ակցիայի։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
«Մենք ուզում ենք նրան փոխանցել մեր պահանջը, որի տակ ստորագրել է համայնքի բնակիչների 60 տոկոսը կամ 6 հազար մարդ»,-լրագրողներին ասել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանը։
Նա պարզաբանել է, որ իրենց պահանջն այն է, որ կառավարությունն արձագանքի կուսակցության հարցմանը և համապատասխան քայլեր ձեռնարկի։
Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ (20 հունվարի, 2022թ). Երևան
© Sputnik / Asatur Yesayants
Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցությունը կառավարությունից պահանջել էր ցրել ավագանու խորհուրդը և նոր ընտրություններ նշանակել, քանի որ եթե երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետ չի ընտրվում, ապա, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ կետի, անհրաժեշտ է նշանակել արտահերթ ընտրություններ:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում իրավիճակը սրվել է 2021-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո։ Քվեարկության արդյունքներից ելնելով «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանը հայտարարում էր, որ հաղթել է և ինքն է համայնքի ղեկավարը, իսկ համանուն դաշինքի ղեկավար Դավիթ Մինասյանը վիճարկում էր դա։
Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ (20 հունվարի, 2022թ). Երևան
© Sputnik / Asatur Yesayants
Բանն այն է, որ «Ապրելու երկիրը» ձայների թվով առաջ էր անցել մյուս երկու քաղաքական ուժերից, սակայն վերջիններս, կոալիցիա կազմելով, առավելություն ստացան։
Արդյունքում Դավիթ Մինասյանը փորձեց հարցը լուծել դատարանի միջոցով։ Տարվա սկզբին նշանակվեց ավագանու նոր նիստ, որտեղ պետք է կրկին համայնքի ղեկավարի ընտրեին։ Այդ օրը տեղի ունեցավ բողոքի ակցիա և հրմշտոց ցուցարարների ու ոստիկանության միջև։
Երկրորդ փորձից ընտրեցին Մինասյանին, որն առաջիկա հինգ տարվա ընթացքում կառավարումը կկիսի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ։ Ի նշան բողոքի՝ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ներկայացուցիչները վայր են դրել մանդատները՝ բացատրելով դա առճակատումից խուսափելու ցանկությամբ։