Ես շատ ազատ եմ ինձ զգում որպես նախարար. Դումանյանը՝ վարչապետի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը. արխիվային լուսանկար
Դումանյանի համոզմամբ` Փաշինյանի հայտարարությունը բացարձակապես չի նշանակում, թե նախարարները զրկված են աշխատանքից դուրս գալու որոշում կայացնելու իրավունքից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Փաշինյանի հայտարարության մեջ որևէ արտառոց բան չի տեսնում: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով նախարարների հրաժարականների մասին` ՀՀ վարչապետի ԱԺ-ում երեկ արած հայտարարությունը:
Դումանյանի համոզմամբ, դա բացարձակապես չի նշանակում, թե նախարարները զրկված են աշխատանքից դուրս գալու որոշում կայացնելու իրավունքից:

«Նախարարություններում չասեմ, ասեմ՝ ԿԳՄՍՆ-ում աշխատելու նման լիարժեք պայմաններ ու հնարավորություններ երբևիցե չեն եղել: Աշխատանքային պայմանների, սկզբունքների և այլնի հետ կապված որևիցե խնդիր գոյություն չունի: Ես շատ ազատ եմ ինձ զգում՝ որպես նախարար իմ գործողություններում»,- ասաց Դումանյանը:

Նախարարը հիշեցրեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, և վարչապետն է որոշում՝ ով պետք է այն զբաղեցնի:
Վահան Քերոբյանը հրաժարական չի տա. կատակ է արել
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վահան Քերոբյանին ուղղված հրաժարականի մասին հարցին պատասխանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով.
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»։
Վահան Քերոբյանին պարբերաբար հիշեցվում է, որ խոստացել էր հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի։ Նախարարն անցած տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն է արել պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց ու հատկապես գործարարներին հարկավոր էր լավատեսություն ներշնչել:
Հունվարի 18-ին էլ նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանն էր հերքել նախարարի մոտալուտ հրաժարականի վերաբերյալ լուրերը։