ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտե կրկնակի քննության է ուղարկել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի` փողերի լվացման և չարաշահումների գործը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ դատախազությունը քրեական գործը հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտե։ Ավելի վաղ հետ էր ուղարկվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը՝ կրկին լրացուցիչ քննության։ Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեում վերահսկողական գերատեսչության որոշումը համարում են անհիմն՝ հայտարարելով, որ այն բողոքարկելու են վերադաս դատախազին։
Հիշեցնենք` հունվարի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Հարությունյանի կողմից 14 միլիոն դոլար կաշառք ստանալու գործի քննությունն ավարտվել է: Ըստ գործի նյութերի՝ նա գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք է ստացել իր ընկերություններին հանքարդյունաբերական գործունեություն իրականացնելու 10 լիցենզիա տրամադրելու համար, նաև չարաշահել է լիազորությունները, և «Ջրաձոր» ՀԷԿ-ին ամենօրյա ջրօգտագործման թույլտվություն (պատկանում է «Անի» ՍՊԸ-ին) է տրվել։
Գործի նախաքննությամբ բացահայտվել էր, որ կոռուպցիոն բնույթի չարաշահումներում ներգրավված են եղել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը: