ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ սահմանել, ընդհուպ մինչև դոլարով գործողությունների արգելումը, թեկուզև այդ միջոցը բացասաբար կանդրադառնա հենց ԱՄՆ-ի տնտեսության վրա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը։
«Ես ուզում եմ հստակ հասկացնել, որ դոլարով տրանզակցիաների կամ այլ բաների նկատմամբ պատժամիջոցների լուրջ սահմանումը բացասական հետևանքներ կունենա նաև ԱՄՆ-ի համար, բացասական հետևանքներ՝ աշխարհի համար, ավերիչ՝ Ռուսաստանի համար»,- ԱՄՆ-ի ղեկավարի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինան «գրավելու» դեպքում Ռուսաստանին «աղետ է սպասվում», քանի որ Վաշինգտոնը երբեք «նախկինում չտեսնված պատժամիջոցները» կսահմանի:
ԱՄՆ-ի ղեկավարի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «խիստ ընտրության» առաջ է կանգնած․ ռազմական հակամարտություն Ուկրաինայի հետ և անխուսափելի հետևանքներ՝ պատժամիջոցների տեսքով, կամ էլ ապաէսկալացիա և դիվանագիտական մեթոդներ։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Պուտինը «դեռևս ինչ-որ լիարժեք պատերազմ չի ուզում»։
ԱՄՆ-ն շարունակում է մեծացնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում և ակնհայտորեն փորձում է շեղել ուշադրությունը Մոսկվայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական վերջնագրից։ Վերջին օրերին ամերիկացի պաշտոնյաների և քաղաքական գործիչների հռետորաբանության շարունակական խստացումը տեղի է ունենում Ժնևում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Վիկտոր Լավրովի հանդիպման նախօրեին: Ռուսաստանի դեմ «սարսափելի» և նույնիսկ «դժոխային» պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքներն ինչպես Ուկրաինայի վրա հարձակման դեպքում, այնպես էլ կանխարգելիչ նպատակով, Վաշինգտոնից հնչում են արդեն օրեր շարունակ, գրում է «Էքսպերտը»։
Ավելի վաղ ԱՄՆ սենատորները՝ Դեմոկրատական կուսակցությունից, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր նախագիծ էին ներկայացրել՝ «ավերիչ հետևանքների» հասնելու նպատակով, եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի շուրջ էսկալացիան: Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է սահմանափակումներ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և այլոց նկատմամբ:
Կրեմլում հայտարարել են, որ այդ պատժամիջոցների սահմանումը կհավասարեցվի երկկողմ հարաբերությունների խզմանը։