Զոհված ու անհետ կորած 16 զինծառայողների ընտանիքների համար օրենքում փոփոխություն կարվի

Պարզվել է, որ 16 զինծառայողները չունեն ծնողներ, կին ու զավակ, բայց ունեն քույր–եղբայրներ ու տատիկ–պապիկներ, որոնք գործող օրենքով շահառու չեն հանդիսանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողներից 16-ի հարազատներն առ այսօր պետությունից աջակցություն չեն ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` ներկայացնելով իր օրենսդրական նախագիծը` «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին։
«Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ կորած ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակներն ու ծնողները։ Սակայն հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր այս 16 հայրենակիցները չունեն կին, զավակներ ու ծնողներ»,– ասաց Սարգսյանը։
Զոհված զինծառայողների հարազատներն արդեն կարող են դիմել փոխհատուցման համար
Նրա խոսքով, խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիշյալ 16 հոգին ունեն քույր-եղբայրներ ու տատիկ-պապիկներ, որոնք, սակայն, գործող օրենքով շահառու չեն հանդիսանում։
Այս կոնկրետ դեպքերի համար էլ որոշում է կայացվել փոփոխություն կատարել օրենքում ու շահառուների ցանկում ներառել ոչ միայն եղբայր, քույր, պապ ու տատերին, այլև հնարավոր այլ դեպքերի համար` զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող, ինչպես նաև` զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձանց։
Հայկ Սարգսյանը հայտնեց, որ այն դեպքերում, երբ զինծառայողն ունի օրինական կին ու այլ կնոջ հետ` համատեղ երեխա, գումարը կբաժանվի երկու կանանց միջև հավասարապես։ Նույնը կարվի նաև ծնողների ու ամուսնալուծված կնոջ առկայության դեպքում։
Արցախում զոհվածների ու վիրավորվածների 1671 ընտանիքներ հիմնադրամից փոխհատուցում են ստացել
Ընդ որում, նման դեպքերում փաստական ամուսնական հարաբերության մեջ լինելու, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստող ապացույցներ են համարելու համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների և հարեւանների գրավոր հավաստումները, և այլ ապացույցներ»:
Հիշեցնենք, որ փոխհատուցումները տրամադրում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը` 10 մլն դրամ միանվագ և 20 տարի շարունակ` ամսական 200- 300 հազար դրամ` կախված զինվորական կոչումից։