ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ չապահովելու դեպքում հրաժարական տալու հայտարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կատակով է արել։ Նա այդ մասին հայտարարեց այսօր ԱԺ–ում` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանի հարցին, թե երբ է հրաժարական տալու։
«Այդ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արված հայտարարություն է, որովհետև այն կոնտեքստը, որով դա արվել է, կատակ է։ Դրան հաջորդել է արտահայտություն. «Գո՞հ եք»»,– ասաց նախարարը։
Քերոբյանը նշեց, որ 2021թ–ի վերաբերյալ տնտեսական կանխատեսումներում սխալվել են անգամ միջազգային ֆինանսական կառույցները։
Էկոնոմիկայի նախարարը նաև փոխադարձ հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորին. «Արդյո՞ք ձեր գործողություններում դուք հետևողակա՞ն եք, թե՞ ուղղակի զվարճանում եք, և ձեր արած հայտարարությունները ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի իսկական խնդիրների հետ»։
Նշենք` Վահան Քերոբյանին պարբերաբար հիշեցվում է, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի։ Նախարարն անցած տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն է արել պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց ու հատկապես գործարարներին հարկավոր էր լավատեսություն ներշնչել: