ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Հայաստանի որևէ իշխանություն երբևէ կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության՝ պատմական փաստ լինելու հանգամանքը: ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշման հարցին։
Միրզոյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրում, որը հաստատել է խորհրդարանը, սևով սպիտակի վրա գրված է իրենց դիրքորոշումը։
«ՀՀ որևէ իշխանություն երբևէ, հույս ունեմ` նաև ապագայում ՀՀ որևէ իշխանություն որևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»,-ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։