ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին նման հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` խոսելով Արցախի խնդրի կարգավորման մասին։
«Քարտեզի վրա կան շատ հզոր երկրներ, որոնք ունեն հզոր տնտեսություններ ու բանակներ, ունեն շահեր, որոնք հակադրվում են իրար, շահեր, որոնք համընկնում են, և որևէ աշխարհաքաղաքական իրողություն, կարծում եմ, պետք է դիտարկել այդ մեծ զարգացումների համատեքստում, հատկապես, որ դրանք շատ սրընթաց են ու վտանգավոր»,– ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարն արձանագրեց, որ Արցախի հարցում Հայաստանը որդեգրել է դիրքորոշում, որ այն ժողովրդի իրավունքի հարց է, և այդտեղ տարածքային որևէ հարց չկա։
«Եվ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա ԱՊՀ անդամ պետությունները Ալմաթիի հռչակագրում փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և այդ հռչակագրից հետո ընդունվել է համաձայնագիր, որը վավերացվել է երկրների խորհրդարաններում, այդ թվում` ՀՀ խորհրդարանում»,– արձանագրեց Միրզոյանը։
Այդուհանդերձ, Միրզոյանը հայտարարեց, որ առջևում բանակցային պրոցես է, որն ամենևին էլ հեշտ չի լինելու։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: