ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին հրավիրվել են Թուրքիա՝ քննարկելու և կարգավորելու տարաձայնությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընին։
«Նախագահ Էրդողանը երկու առաջնորդներին (Ռուսաստանի և Ուկրաինայի. խմբ.) հրավիրել է Թուրքիա և առաջարկել է հանդիպում անցկացնել նրանց միջև առկա խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու համար։ Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր ստանձնել, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղած լարվածությունը», - ասել է Քալընը։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահը մտադիր է առաջիկայում այցելել Ուկրաինա։
«Միևնույն ժամանակ մենք սերտ կապի մեջ կլինենք Ռուսաստանի հետ, որպեսզի խուսափենք ցանկացած ռազմական գործողություններից, որոնք լուրջ հետևանքներ կունենան»,– ավելացրել է Էրդողանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք` 2021 թվականի նոյեմբերի 29-ին ասուլիսի ժամանակ Էրդողանն ասել էր, որ անհրաժեշտ է հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։