ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հանրային սննդի վայրեր ու մշակութային օջախներ կորոնավիրուսի հետ կապված մուտքի սահմնափակումները ժամանակավրեպ չեն։ Նման կարծիք այսօր ԱԺ–ում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի դիտարկմանը, որ Հայաստանում վերջին շրջանում վարակի տարածման անկում է գրանցվում։
«Ցավոք, պետք է նշեմ, որ նվազ թվերն այլևս չեն պահպանվում, և, եթե հետևեք վերջին օրերի վիճակագրությանը, կտեսնեք, որ բավական մեծ արագությամբ աճ է նկատվում` ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ու եվրոպական երկրներում` կապված կորոնավիրուսային այս նոր շտամի հետ, որն ավելի մեծ վարակելիություն ունի ու ավելի վտանգավոր է նրանց համար, ովքեր պատվաստված չեն»,– ասաց փոխնախարարը` կարծիք հայտնելով, որ նոր սահմանափակումները կնպաստեն հիվանդության տարածման տեմպերի նվազմանը։
Արձագանքելով պաշտոնյային` Արթուր Ղազինյանը նշեց, որ մարդկային կուտակումները շատ ավելի մեծ են հանրային տրանսպորտում, մինչդեռ այնտեղ պատվաստման QR կոդերով ու ՊՇՌ թեստերով մուտք գործելու պայման չի գործում։
«Տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ. Օրինակ` սեղանները, որ գտնվում են կաֆեներում իրարից «իքս» հեռավորության վրա, ավելի մեծ վտա՞նգ են ներկայացնում, քան հանրային տրանսպորտը, որտեղ մարդիկ կուտակված են, իրար գլուխ հավաքված»,– ասաց Ղազինյանը։
Նանուշյանը հիշեցրեց, որ այլ սահմանափակումների փոխարեն հանրային տրանսպորտում գործում է դիմակ կրելու պարտադիր պահանջ։
Շարունակելով թեման` Արթուր Ղազինյանը նշեց, որ ռեստորաններում հատկապես մեծ միջոցառումների ժամանակ դժվար է լինելու վերահսկել , թե ով է QR կոդով մուտք գործել, ով` ոչ, ու նաև մի առաջարկ արեց իշխանություններին։
«Առաջիկայում «Փարավոնում» սպասվում է մեծ միջոցառում։ Կարելի է ուղղակի հետևել, որ այնտեղ բոլորը պարտադիր ներկայանան QR կոդով կամ թեստի բացասական արդյունքով։ Կարո՞ղ եք դա անել։ Խնդրում եմ արեք ու ինչ–որ ձևով ցույց տվեք հանրությանը, որ այս նորմատիվ կարգավորումը բոլորի վրա է տարածվում, ոչ թե ինչ–որ խեղճ ու կրակ մարդկանց»,– ասաց Ղազինյանը։
Ըստ մամուլի` հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։