ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Խորհրդարանն այսօր 65 կողմ, 5 դեմ ձայներով փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ ԿԲ փոխնախագահի պաշտոնում ընտրեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանին։
Նշենք, որ 39-ամյա Խաչատրյանն այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր, նրան առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Խաչատրյանն ավարտել է Տնտեսագիտական համալսարանը, ապա սովորել կառավարման ակադեմիայում, Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում, Հարվարդի բիզնես դպրոցի կոնֆլիկտների կառավարման խմբում։
Խաչատրյանը ստացել է ֆինանսական վերլուծաբանի որակավորում։ Աշխատել է ԿԲ–ում, 2020թ–ի հուլիսից ԿԲ խորհրդի անդամ է։ Անկուսակցական է, ամուսնացած, երկու երեխաների հայր։