Իրանի նախագահը մեծ հույսեր է կապում մոսկովյան բանակցությունների հետ

Էբրահիմ Ռայիսի
Ռայիսին համոզված է, որ Թեհրանի ու Մոսկվայի փոխգործակցությունը կապահովի տարածաշրջանի անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարել է, որ իր այցը կարող է շրջադարձային դառնալ Իրանի և Ռուսաստանի միջև քաղաքական, տնտեսական և առևտրական հարաբերություններում։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը:

«Այդ ուղևորությունն իրականացվում է պարոն Պուտինի (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին. խմբ.) հրավերով, և այցի ընթացքում ջանքեր կգործադրվեն տարածաշրջանում բարիդրացիության քաղաքականությունն առաջ մղելու համար», - նշել է Իրանի նախագահը:

Ռայիսիի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի փոխգործակցությունն, անկասկած, կապահովի տարածաշրջանի անվտանգությունը:
«Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում տնտեսական և քաղաքական մի շարք կազմակերպությունների անդամներ են, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, և Ռուսաստանը կարևոր դեր է խաղում այդ կազմակերպություններում», – ասել է Իրանի նախագահը:
Ռայիսին նշել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Եվրասիական տնտեսական միությունում, և այդ ուղղությամբ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել առևտրատնտեսական նախագծերի առաջմղման համար:
Հիշեցնենք, որ հունվարի 19–ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի երկկողմ բանակցությունները։ Ռայիսին նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ է այցելում ՌԴ։ Ավելի վաղ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել էին առաջիկա քաղաքական շփումները: