ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հրազդանի հին ՋԷԿ-ի տարածքում կսկսեն սառնարանային սարքավորումներ արտադրել։ Կայանի տարածքի մի մասը վարձակալության հանձնելու նախագիծը հաստատվել է այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:
Հրազդանի ՋԷԿ-ում սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես հնացել են, ուստի այնտեղ արտադրվող էլեկտրաէներգիան չափազանց թանկ է լինում։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել միջնաժամկետ հեռանկարում անջատել այն ցանցից։
Դրա հետ մեկտեղ, լայնածավալ ենթակառուցվածքներով (էլեկտրահաղորդման գծերով, ջրատարներով ու արդյունաբերական նշանակության գազատարներով) կայանի մեծ տարածքը հարմար է արտադրական ընկերություններին վարձակալության հանձնելու համար: Այդ պատճառով այդ տարածքի մի մասը վարձակալության են հանձնել «Ստիլման» ընկերությանը, որը պատրաստվում է սառնարանային սարքավորումներ արտադրել ։
Մեկ այլ տարածքում շարունակելու է աշխատել «Էկոս» ազատ տնտեսական գոտին, որտեղ, ինչպես նախկինում հայտնի էր դարձել, մայնինգի ու կրիպտոարժույթի ձեռնարկություններ են լինելու։
Հիշեցնենք, որ Հրազդանի ՋԷԿ-ի չորս էներգաբլոկների հարևանությամբ գործում է նոր Հրազդան-5 կայանը, որը սկսել են կառուցել դեռ խորհրդային տարիներին, իսկ «Գազպրոմը» նախագիծն ավարտել է 2010-ականներին: Այս տարի կայանի սակագինը բարձրացրել են՝ շահութաբերությունը ապահովելով (կայանը տարեկան ստանալու է լրացուցիչ շուրջ 32 միլիոն դոլար): Բացի այդ, նոյեմբերին Երևանում գործարկվեց իտալական Renco-ի ու գերմանական Siemens-ի կողմից կառուցված ևս մեկ ջերմակայան:
Այսպիսով, Հայաստանում գործում են երեք ժամանակակից ջերմային կայաններ՝ Երևանի ՋԷԿ-ը (պետական), Renco և Siemens կայանները (նույնպես Երևանում) և «Հրազդան-5»- ը։ Հայկական շուկայի համար դրանց էլեկտրաէներգիան չափազանց թանկ է (ՀԷԿ-ի և ԱԷԿ-ի համեմատ), բայց աշխատանքը շահավետ է լինում Իրան արտահանելիս (Հայաստանը ստանում է էժան իրանական գազ, դրանով էլեկտրաէներգիա է արտադրում, որի մոտ 75 տոկոսը տալիս է Իրանին, իսկ մնացածը թողնում է համակարգում)։ Իրանի հետ էլեկտրաէներգիայի հոսքերը հնարավոր կլինի ընդլայնել Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի (400 կիլովոլտանոց) շինարարության ավարտից հետո, որը կավարտվի 2023 թվականին: