ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններն ապարդյուն չեն անցել։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հակառակ պնդմանը։
«Նման պնդման համար պետք է գիտակցել, թե որքան է պահպանվում գազի գինը սահմանին Հայաստանի համար ու որքան արժե գազն այսօր աշխարհում»,– ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերության ՀԾԿՀ ներկայացրած հայտին, որով ընկերությունն առաջարկում է ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին` 1 խմ-ի դիմաց 135.6 դրամ` ներկայիս 1 խմ-ի դիմաց 128 դրամ գործող միջինացված սակագնի փոխարեն, փոխվարչապետը հայտարարեց, որ դոգմա չէ, որ այդ հայտն ընդունվելու է այն ձևով, ինչպես ներկայացվել է։
«Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու»,– ասաց Գրիգորյանը` մեկնաբանելով, որ անգամ գազի կալորիականության հաշվարկի դեպքում այն չի վերաբերելու սպառողների մի զգալի հատվածին։
Ընդդիմադիր պատգամավորը նաև մտավախություն հայտնեց, որ գազի սակագնի բարձրացման դեպքում, այն ըստ հայտի, առավելապես բարձրանալու է անապահով խավի համար` 1 խմ–ի դիմաց 100 դրամի փոխարեն դառնալով 135 դրամ։ Բացի այդ, Թադևոս Ավետիսյանի պնդմամբ, գազի գնի փոփոխությունը հանգեցնելու է թանկացումների շղթայական ռեակցիայի, մինչդեռ 2022թ–ի համար հաստատված բյուջեում այդ թանկացումները նախատեսված չեն։
Մհեր Գրիգորյանը, սակայն, պնդեց, որ կալորիականության հաշվարկի պարագայում նույն ծավալի գազի սպառման դեպքում գազի գինը սպառողի համար կմնա նույնը։
«Եթե դու գազի գինը կապում եք ապրանքների գնի հետ, ես հասկանում եմ։ Բայց ամբողջ աշխարհում է դա տեղի ունենում»,– ասաց փոխվարչապետը։
Հիշեցնենք` Հայաստանի սպառողներն այսօր տարբերակված սակագին են վճարում.
սոցիալապես անապահով խմբերը` 100 դրամ՝ 1 խմ-ի համար,
մնացած բնակիչ-բաժանորդները` 139 դրամ` 1 խմ-ի համար,
ամսական 10 հազար խորանարդ մետր գազ սպառող խոշոր սպառողները (տնտեսվարողները) 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 1000 խմ համար։
Հայտում նաև առաջարկվում է, որ նոր սակագինը կիրառվի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվությամբ բնական գազի համար։