ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «GNC Alfa»-ն: Գործարքն այսօրվա նիստում հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Գնորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է (որը պատկանում է «Տաշիր» ընկերությանը) և Ռուսաստանի քաղաքացի Արման Ունանյանը։
ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը մտադիր է 2,5 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1,5-ից մինչև 1,8 մլրդ դրամ (3-3,5 մլն դոլար)՝ «GNC Alfa«–ի գործող ենթակառուցվածքի վերազինման համար։
«GNC Alfa» ընկերությունը 2012 թվականին գնել էր ռուսական «Ռոստելեկոմ» հոլդինգը «Filor Ventures Ltd» օֆշորային ընկերության միջոցով։ «Տաշիրը» այն գնել է մեկ այլ օֆշորային ընկերության` «Molitro Holdings Ltd»–ի միջոցով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետական անվտանգության մարմիններից եզրակացություն է ստացել, որ օֆշորային ընկերությունների մասնակցությունը չի հակասում երկրի շահերին:
Գործարքի չափը չի հրապարակվում, ըստ ռուսական ԶԼՄ-ների` «GNC Alfa»-ի նախնական գինը 25 մլն դոլար է գնահատվել։