ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով դեռևս չի ստեղծվել, ժամկետներն էլ հստակ չկան։ Այսօր ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, թե ինչ փուլում է գտնվում սահմանազատման և սահմանագծման հարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղծման հարցը։
«Ներկայում քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել։ Մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, քայլեր չեն արվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարադակի բարձրացման ուղղությամբ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները, ապա այդ հանձնաժողովը դժվարություն կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում»,- նշեց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ հանձնաժողովի ստեղծման ժամկետների հարցում հստակություն չկա, սակայն խոսքը մոտալուտ գործընթացի մասին է։ ԱԳ նախարարը շեշտեց, որ պարզելու և համաձայնեցնելու հանգամանքներ կան, որոնք իրականացնելուց հետո հանձնաժողովը կձևավորվի ու կսկսի գործել։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով:
Նշենք, որ 2021թ–ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկությունը։ Եվս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: