Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ–ին. ԱԳ նախարար

Արարատ Միրզոյան
ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված որոշ գործիքներ` քաղաքական միջամտության տեսքով, մինչ այժմ և հիմա էլ կիրառվում են ու հույս հայտնեց, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ–ին։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով 2021թ–ի մայիսի 12-ից հետո ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈւ–ի մասին հարցին։

«ՀԱՊԿ–ը կազմակերպություն է, բանակ չէ, և ՀԱՊԿ կանոնադրությունը եթե նայեք, նման դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում դաշնակիցների միջամտության, գործի են դրվում առաջին հերթին քաղաքական մեխանիզմները, և միայն դրանց անհնարինության դեպքւմ նախատեսված են արդեն խորհրդակցություններ ու գետնի վրա միջամտություններ»,– ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված որոշ գործիքներ` քաղաքական միջամտության տեսքով, մինչ այժմ և հիմա էլ կիրառվում են ու հույս հայտնեց, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը։
«Սևով սպիտակի վրա գրված է մեր դիրքորոշումը». Արարատ Միրզոյանը` Հայոց ցեղասպանության մասին
Այդուհանդերձ, Միրզոյանը չբացառեց, որ եթե հարկ լինի, Հայաստանը կդիմի ՀԱՊԿ–ին նաև կոնկրետ գործողությունների հարցով։
«ՀԱՊԿ կանոնադրությունը կա, 4-րդ հոդվածը կա, ու եթե հարկ լինի 4-րդ հոդվածով դիմել` ՀՀ կառավարությունն այդպիսի որոշում կկայացնի»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀԱՊԿ–ին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:
Մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկեց զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով:
Այս հարցում որևէ առաջընթաց մինչ օրս չկա։