Արդեն պատրաստի հայկական ԱԹՍ-ներ կան․ ԲՏԱ նախարար

Վահագն Խաչատուրյան
Խոսքը 2 տեսակի ԱԹՍ-ի մասին է՝ և՛ հետախուզական, և՛ մարտական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանում արդեն կան պատրաստի անօդաչու թռչող սարքեր, դրանք փորձարկումների փուլում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

«Հայկական ԱԹՍ-ներ ստեղծելու աշխատանքները վաղուց են ընթանում։ Իմ աշխատած ժամանակահատվածում արդեն վերջնական փուլին ենք մոտենում: Տարբեր ընկերություններ կան, որոնք ունեն հաջողություններ, արդեն պատրաստի էլ ունեն: Փորձարկումների փուլում են, և կան նաև այնպիսիները, որոնք արդեն պետական փորձակումներ են անցել»,- նշեց Խաչատուրյանը:

Նա ընդգծեց, որ խոսքը 2 տեսակի ԱԹՍ-ի մասին է՝ և՛ հետախուզական, և՛ մարտական։ Նախարարը շեշտեց, որ պետությունը հակված է ունենալ ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձեներ:
Անգամ ԱԹՍ–ով դժվար է խոցել. հայ ինժեներների ռոբոտ–զինվորը 4 տարի սպասում է արտադրության
«Տարբեր լուծումներ կան, այդ լուծումներն առաջարկողներն էլ ամեն անգամ մեկ բան են մտցնում իրենց ստեղծած արդյունքի մեջ: Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ-ի կարիքների համար գնել: Մինչ այդ էլ կառավարությունը, մասնավորապես՝ մեր նախարարությունը, իրենց մեծ աջակցություն է ցույց տվել, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը ներկայացնեն կամ իրենց արտադրությունը տան»,- ասաց Խաչատուրյանը։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական հարվածային անօդաչու թռչող սարքը. տեսանյութ
Նա նշեց՝ պատրաստի ԱԹՍ-ներն անցնում են պետական փորձարկում, որից հետո երբ ՊՆ-ն հայտարարի, որ պատրաստ են գնելու դրանք, կկնքվի պայմանագիր, ինչը կնշանակի, որ տվյալ արտադրողը կարող է ավելի մեծ քանակով արտադրել ԱԹՍ–ներ։
Ժամկետների մասին ԲՏԱ նախարարը դժվարացավ նշել։