ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Թուրքիայի հետ հարաբերությոսւնների կարգավորման գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ Ղարաբաղյան հակամարտության։ Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանական ամբիոնից այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը` հիշեցնելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան իր ամեն քայլը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։
«Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ լռելյայն կուլ տալով այն բոլոր վայրագություններն ու հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և ունի լկտիություն` պաշտոնապես դրանք ընդունելու։ Թուրքիայի փոխնախագահը խորհրդարանում իրենց բյուջեի ներկայացման ժամանակ նշել է, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները մասնակցել են 44-օրյա պատերազմին, որը նախորդում էր այս գործընթացին ու որին հայկական կողմը տվել է «զրո» արձագանք»,– ասաց Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող տեղի ունենալ հայ ժողովրդի մեջքի հետևում, արհամարհելով սփյուռքի կարծիքն ու ի հաշիվ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի։ Բացի այդ, Մամիջանյանի կարծիքով, այն անտրամաբանական է սկսել մի փուլում, երբ այդ երկրի գործող նախագահը պատրաստվում է հեռանալ, քանի որ 2023թ–ին Թուրքիայում նախանշված են նախագահական ընտրություններ։
«Էրդողանի վերընտրվելու շանսերը շատ ցածր են, նա համարվում է պանթյուրքիստական նկրտումներով ղեկավար»,– ասաց Մամիջանյանը` միաժամանակ հայտարարելով, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ նաև ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք, քանի որ, ընդդիմադիր պատգամավորի բնորոշմամբ` «մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի»։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։