Տիկին Նաթելայի հույսի բանալիները

Վերջին պահին են գյուղից դուրս եկել՝ չպատկերացնելով, որ էլ չեն վերադառնալու։
Sputnik
Զգեստապահարանում՝ օսլայված ու արդուկված սպիտակեղենի տակ, տիկին Նաթելան խնամքով թաքցնում է Արցախում լքված իրենց տան բանալիները: Թաց աչքերով, դանդաղ քայլերով, մոտենում ու հանում է բանալիների խուրձն ու մի տեսակ փաղաքշանքով մեզ մեկնում. ոչ միայն իրենց ընտանիքի պատմությունն է դրա մեջ, այլ նաև վերադարձի հույսը:
1999 թվականի ամռանը Նաթելա Սարոյանն ամուսնու ու 4 զավակների՝ 3 որդիների ու 1 դստեր հետ մեկնում է Արցախ՝ Քաշաթաղի Գետամեջ գյուղ: 1993 թվականի հոկտեմբերին ազատագրված գյուղը բնակեցվել էր 1998 թվականին՝ հիմնականում Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ Գետամեջը տիկին Նաթելայի համար շատ շուտ հարազատ է դառնում՝ մեծ տնտեսություն են հիմնում, զբաղվում են անասնապահությամբ, զուգահեռ Նաթելան գյուղի դպրոցում ֆիզիկա է դասավանդում։ Վերջին 5 տարիներին նա դպրոցի տնօրենն էր:
Նաթելա Սարոյանի արցախյան տան բանալիները
«Մինչ Քաշթաղ գնալը ամուսինս արտագնա աշխատանքի էր մեկնում, բայց իմացանք, որ Արցախում մանկավարժների կարիք կա, որոշեցինք ու գնացինք: 4 երեխա ունեինք, աշխատող էինք, կարծում էինք՝ կաշխատենք, կապրենք ու ամեն ինչ լավ կլինի, ու այդպես էլ եղավ մինչև չարաբաստիկ պատերազմը»,-պատմում է նա:
«Վերջին պահին ենք գյուղից դուրս եկել՝ չպատկերացնելով, որ էլ չենք վերադառնալու: Ոչինչ մեր հետ չենք վերցրել, բացի բանալիներից ու մեր հիշողությունից»,- Sputnik Արմենիային պատմում է Նաթելան հավելելով՝ մտածում էին ժամանակ կանցնի՝ հետ կվերադառնան, բայց երբեք չէին պատկերացնում, որ իրենց գյուղը կհայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ:
«Տունն ու տեղը Գետամեջում ամուսինս ու որդիներս են սարքել, տան տակը մառան ունեինք, գյուղից դուրս գալուց առաջ ամեն ինչ ՝ տարիների քրտինքը, լցրեցինք այնտեղ, դուռն էլ ամուր փակեցինք: Սկզբում ես հարսներիս ու թոռներիս հետ եկա, որդիներս՝ վերջում»,- պատմում է 64-ամյա կինը։ «Մինչև հիմա թոռնիկներս հիշում են, ասում են՝ տատի՛կ, բայց մեր Արցախը լավն էր, մենք մեր Արցախն ենք ուզում: Ես էլ ամեն օր երազումս Գետամեջն եմ հիշում»,-ասում է կինը:
Նաթելա Սարոյան
Ամուսինը մահացել էր պատերազմից 2 ամիս առաջ՝ սրտի կաթվածից: Կտակել էր իրեն թաղել Արթիկում:
«Փա՛ռք Աստծո, հիմա այստեղ է թաղված, թե չէ մեր գյուղից շատերն իրենց հարազատների գերեզմանները թշնամու մոտ թողեցին»:
Նաթելան ուրախ է, որ ժամանակին Արթիկի իրենց տունը չեն վաճառել։ Ճիշտ է, ավելի քան 20 տարի լքված տունը հիմնանորոգման կարիքն ունի, բայց գոնե անօթևան չեն՝ հասարակական կազմակերպություններից մեկի աջակցությամբ հիմա փորձում են այն վերանորոգել՝ տանիքը, հատակն ու պատուհանները փոխել, իսկ ինքը երկար տարիներ մանկավարժությամբ զբաղվելուց հետո իր սիրած զբաղմունքով՝ կարով է զբաղվում՝ փորձելով որդիներին ինչ-որ կերպ աջակցել: