«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը կլիներ ամբողջովին դրական, եթե մի քանի կարևոր խնդիրներին տար համարժեք լուծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց գործարար Սամսոն Գրիգորյանը։
«Օրինակ` օրենքի պահանջով այսուհետ բարձր վարձատվող աշխատակիցների աշխատավարձը պետք է տրվի անկանխիկ տարբերակով, սակայն շատերն ունեն վարկային պարտավորություններ, կան նաև ԴԱՀԿ–ի հետ խնդիրներ ունեցող անձինք, հետևաբար նրանց քարտի վրա կդրվի արգելանք, և նրանք չեն կարողանա իրենց գումարը տնօրինել ըստ հայեցողության։ Մարդիկ, իհարկե, պետք է կատարեն իրենց պարտավորությունները, սակայն նշված խնդիրը պետք է նախապես կարգավորվեր, հստակ նշվեր, թե նման դեպքերում աշխատավարձի քանի տոկոսի վրա պետք է արգելանք դրվի»,– ասաց գործարարը։
Գրիգորյանի դիտարկմամբ` մյուս խնդիրը վերաբերում է փոքր ու միջին, ինչպես նաև խոշոր ձեռնարկություններին, որովհետև բանկերի հետ անկանխիկ գործարքներ կատարելիս նրանք պետք է վճարեն 2,7-3 տոկոս միջնորդավճար, ինչը շրջանառության հարկից երկու անգամ ավել է։ Գործարարի խոսքով` տվյալ հարցի շուրջ կառավարությունն իրեն լոյալ գործարարների ու ՀԿ–ների հետ թեթև զրույցը համարում է հանրային քննարկում, մինչդեռ իրականում հարցը չի քննարկվել բիզնեսի լայն շրջանակների հետ։
«ԿԲ–ի և ՊԵԿ–ի նախագահները գիտեն մեր առաջարկների մասին, տեղյակ են խնդիրներից և խոստացել էին, որ որոշ դեպքերում կվերանայվի միջնորդավճարի չափը, սակայն ոչ մի քայլ չարվեց, ուղղակի հերթական անգամ իրենց անհրաժեշտ օրենքը շատ արագ մտցրեցին դաշտ։ Սրանով բանկերի վերահսկողությունը մեծանում է բիզնեսի վրա, իսկ դրա դիմաց բանկերը բիզնեսին ընդառաջ որևէ դրական քայլ չեն կատարում»,– ասաց գործարարը։
Գրիգորյանի կարծիքով` անկանխիկ վճարման դեպքում ֆիզիկական անձինք նույնպես կբախվեն որոշակի խնդիրների, որովհետև թանկարժեք սեփականություն (տուն կամ մեքենա) վաճառելու համար ստիպված կգնան բանկ, որտեղ կիրականացվի գումարի փոխանցում և կանխիկացում, և այդ գործարքների ժամանակ կկորցնեն առնվազն 1-1,5 տոկոսի չափով գումար, իսկ օրինակ 10 հազար դոլարի դեպքում այդ գումարը կազմում է 150 դոլար, ինչը քիչ գումար չէ։
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողի պնդմամբ` տվյալ օրենքի կիրարկման հետևանքները չեն մեղմվել, բանկերի ախորժակը չի սահմանափակվել, բանկերն այսուհետ ստանալու են գերշահույթներ։
Հիշեցնենք` ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 «կողմ», 28 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներ: Ըստ նախագծի` Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 300 000 դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար պետք է իրականացվի անկանխիկ ձևով: