ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցության ընթացքում Փաշինյանը նշել է, որ քննարկելու և վերանայելու են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը և ի վերջո հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության և միջոցառումների ծրագրերի հետ:
«Պետք է տեսնենք, թե ինչ կարգաբերումների անհրաժեշտություն կա, ընդհանրապես կա, թե չկա, ինչպես ենք շարունակում ռազմավարության իրականացումը՝ իհարկե նախևառաջ գնահատելով դրա ակտուալությունը»,–ասել է նա:
Փաշինյանի խոսքով`այս ընթացքում իր դիտարկումները և աշխատանքը ռազմավարության հետ ցույց է տալիս, որ այն նույնքան ակտուալ է, որքան նրա ընդունման և հրապարակման պահին:
Հաջորդիվ քննարկվել են ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերին, փաստաթղթով նախատեսվող միջոցառումների ակտուալության գնահատմանը, նոր բովանդակության մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարությանը վերաբերող հարցեր
Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Փաշինյանը նշել է, որ վերոնշյալ ռազմավարությունն անհրաժեշտ է դիտարկել որպես ուղենիշ. վերափոխման արդյունքում այն կառավարության համար պետք է դառնա կիրառական գործիք: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները ռազմավարության լավարկման շուրջ:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում մանրամասն ներկայացրել էր Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։