Իշխանությունն ուղղակի ստում է. Տիգրան Աբրահամյանը` հայ–թուրքական հարաբերությունների մասին

Տիգրան Աբրահամյան
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ իշխանությունը պարբերաբար կրկնում է, թե ոչինչ չի թաքցնում, բայց այն մասին, որ ՀՀ վարչապետը դիմել է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցով, պարզ դարձավ միայն այն բանից հետո, երբ այդ մասին խոսեց Թուրքիայի նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Իշխանությունն ուղղակի ստում է։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Թուրքիայի հետ բանակցությունների ոչ հրապարակային բովանդակությանը։

«Նախապայմանների մասին բաց տեքստով խոսում են Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում` Էրդողանը, որը դեռ այս գործընթացի մեկնարկում ներկայացնում էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով ՀՀ վարչապետից միջնորդություն է ստացել գործընթաց սկսելու։ Այսինքն` պատրաստակամություն»,– ասաց Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ իշխանությունը պարբերաբար կրկնում է, թե ոչինչ չի թաքցնում, բայց այն մասին, որ ՀՀ վարչապետը դիմել է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցով, պարզ դարձավ միայն այն բանից հետո, երբ այդ մասին խոսեց Թուրքիայի նախագահը։
«Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով նաև տեղ հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են»,– ասաց նա։
Հայաստանի իշխանությունները, Աբրահամյանի բնորոշմամբ, առաջին պլան են բերում մի երկու կոպեկ ավելի ունենալու, օրվա հացի խնդիր լուծելու, ավելի լավ ապրելու հարցը` թքած ունենալով անվտանգության ապահովման հարցի վրա, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում կյանքը փոխվել է։
«Եթե նույնիսկ Թուրքիան որոշակի կարճ ժամանակ բարեհաճ լինի ու թույլ տա Հայաստանին ցույց տալ, որ կյանքը փոխվել է, իրականում դա շատ կարճաժամկետ էֆեկտ է ունենալու, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերություններ կառուցելն է, այլ իր քաղաքական, ռազմավարական շահերին հասնելը, իսկ դրանք Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից արտահայտվում են պարբերաբար հրապարակվող քարտեզներով, որտեղ Հայաստանը կա՛մ գոյություն չունի, կա՛մ մի մասը Արցախի հետ միասին գտնվում է ադրբեջանա–թուրքական վերահսկողության ներքո»,– ասաց Աբրահամյանը։
Ինչու է բանակցություններին Թուրքիայի մեքենան եղել դրոշով, ՀՀ-ինը՝ ոչ. թեժ քննարկում ԱԺ-ում
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։