ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը վաճառվում է 150 միլիոն դոլարով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ավիաընկերությունը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, որոնց հետևանքով դատարանում սնանկության վարույթ է հարուցվել։
Պաշտոնական վարկածով` ավիաընկերության ֆինանսական ճգնաժամը պայմանավորված է եղել կորոնավիրուսի համավարակով ու լոքդաունով, որոնց հետևանքով ընկերությունը չի կարողացել կատարել ֆինանսական պարտավորությունները։ Ընկերությունը 176 մլն լարի է պարտք 16 000 ուղևորի և տասնյակ ընկերությունների։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ եթե ավիաընկերությունը ձեռք բերի որևէ օտարերկրյա ներդրող, նա չի կարող 49%-ից ավելի բաժնեմաս ունենալ տեղական ընկերությունում:
«Airzena» ավիաընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին, Վրաստանի ազգային փոխադրող է դարձել 1999–ին, իսկ 2004 թվականի օգոստոսին վերանվանվել է «Georgian Airways»:
«Georgian Airways»-ի 80% բաժնեմասն այսօր պատկանում է գործարար Դավիթ Գաիաշվիլիին, 20%-ը` «Georgia Air Service» ՍՊԸ-ին, որի 90%–ի բաժնետերը Էթեր Գաիաշվիլին է, 10%–ինը` Սոֆիո Գվենցաձեն։