Վանեցյանն ասել է, թե ինչու ընդդիմությունը վարչապետի իմպիչմենտի հարցը բարձրացնել չի կարող

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով ՝ ընդդիմությունն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հասնի ՀՀ ներկայիս իշխանության հեռացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում ընդդիմությունը բարձրացնել չի կարող։ Նման հայտարարություն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները բաց չեն թողնում որևէ հնարավորություն, որպեսզի ադրբեջանամետ հայտարարություններ անեն: Մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են ՀՀ տարածքում, քաղաքացիական անձինք գերին են ընկնում ՀՀ տարածքից, անգամ՝ սպանվում։
Հայաստանի խորհրդարանը չի քննարկելու Ադրբեջանի հետ սահմանի վերաբերյալ ընդդիմության նախագիծը
«Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը որևէ կերպ չեն մեղադրում Ադրբեջանին։ Պատգամավորներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ ագրեսիայի մասին խոսել չի կարելի։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ուր ենք հասել »,- ասաց Վանեցյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում լարվածության աճին՝ Վանեցյանը նշել է, որ իշխանությունները չեն կարող ապահովել երկրի անվտանգությունը։ Այն մասին, որ պետք է «այս կապիտուլյանտներին դուրս շպրտել» երկրի կառավարումից, ըստ Վանեցյանի, ընդդիմությունն ասել է ընտրություններից առաջ, ընթացքում և հետո:
«Մեզ մեղադրում էին, որ պատերազմի կողմնակից ենք, պատերազմ ենք ուզում, պատերազմ ենք հրահրում, որ ռևանշիստների ուժ ենք», - նշել է նա:
Ճանապարհն Ադրբեջանին զիջելու հրամանը ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը. ընդդիմություն
Հարցին, թե ինչ է անում ընդդիմությունը իրավիճակը փոխելու համար, Վանեցյանը պատասխանել է, որ ընդդիմությունն անում է իրենից կախված ամեն ինչ, հանդիպումներ է ունենում մարզերում, Երևանում քաղաքացիների, քաղհասարակության ներկայացուցիչների, տարբեր մասնագիտություններ ներկայացնող գործիչների, մտավորականների հետ, փորձում է գեներացնել դժգոհությունը: Բայց իմպիչմենտին դեռ պետք է սպասել։
«Ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում իմպիչմենտի հարցը չենք կարող բարձրացնել», - ասել է Վանեցյանը:
Ընդ որում, Վանեցյանը բավարարված չէ ընդդիմության քայլերից։ Նա սխալներ է տեսնում թե իր, թե ընդդիմադիր մնացած գործընկերների գործողություններում, բայց վստահ է, որ պետք է անել ամեն ինչ, որ այս իշխանություններն օր առաջ հեռանան։
Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության կազմում Վանեցյանը չեղյալ էր հայտարարել իր աշխատանքային այցը ԱՄՆ։