Նազարբաևի ազգականը հեռացվել է Ղազախստանի ԱԱ կոմիտեի առաջին փոխնախագահի պաշտոնից

Սամատ Աբիշ. Արխիվային լուսանկար
Աբիշի հեռացումը հերթական աղմկահարույց պաշտոնանկությունն է դարձել Ազգային անվտանգության կոմիտեում՝ զանգվածային անկարգություններից հետո։ Արդեն ձերբակալված են գերատեսչության նախկին պետ Կարիմ Մասիմովը և նրա երկու տեղակալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդին՝ Սամատ Աբիշը, ազատվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ Համապատասխան կարգադրությունն այսօր ստորագրել է հանրապետության նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը, գրում է Sputnik Ղազախստանը։
Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, ԱԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Աբիշը շարունակում է զբաղեցնել կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը և հունվարի 13-ից գտնվում է ամենամյա արձակուրդում:
Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով 225 մարդ է մահացել
43-ամյա Սամատ Աբիշը Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր եղբոր՝ Սաթիբալդ Նազարբաևի որդին է։ Սամաթ Աբիշը ԱԱԿ-ի ղեկավարի առաջին տեղակալն էր 2015 թվականից։ Ունի գեներալ-լեյտենանտի կոչում:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ձերբակալվել էր կոմիտեի նախկին նախագահ Կարիմ Մասիմովը՝ պետական դավաճանության կասկածանքով։ Հունվարի 13-ին Կոմիտեն հստակեցրել էր, որ նրա գործով հետաքննություն է սկսվել նաև իշխանության բռնազավթմանն ուղղված գործողությունների փաստերի առնչությամբ: Բացի այդ, Մասիմովի հետ միասին ձերբակալվել են և գործով անցնում են ԱԱԿ-ի նախագահի նախկին տեղակալները՝ Հատուկ նշանակության «Ա» ծառայության պետ Անուար Սադիկուլովը և Դաուլետ Երգոժինը: