ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) ժամանակ բոլորին կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք պետք է հաջորդ համավարակին նախապատրաստվենք` ներդրում անելով մշտադիտարկման, վաղ հայտնաբերման և յուրաքանչյուր երկրում արագ արձագանքման ծրագրերի մեջ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հեղինակությունն ուժեղացնելու համար», - տեսաուղերձում ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հորդորել է արդար և հավասար պայմաններում պայքարել կորոնավիրուսի ներկայիս համավարակի դեմ: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՀԿ-ն ռազմավարություն էր հրապարակել, որի համաձայն` նախատեսվում էր 2021 թվականի ավարտին պատվաստել երկրի բնակչության 40 տոկոսին և այս տարվա կեսերին` 70 տոկոսին։
«Մենք հեռու ենք այդ նպատակներից։ Դա ամոթալի է, բայց պատվաստումների ցուցանիշները բարձր եկամուտ ունեցող երկրներում 7 անգամ բարձր են, քան աֆրիկյան երկրներում», - հայտարարել է Գուտերեշը։
Նրա կարծիքով՝ բոլոր երկրներն ու բոլոր արտադրողները պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնեն պատվաստանյութերի մատակարարումներին և աջակցեն թեստերի և պատվաստանյութերի արտադրությանը։
Ինչպես նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, դեղագործական ընկերությունները պետք է համերաշխություն ցուցաբերեն, որպեսզի աշխարհը կարողանա դուրս գալ այս վիճակից։