ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանում COVID-19-ի համավարակի սկզբից մինչև ս․թ․ հունվարի 11-ը կորոնավիրուս հայտնաբերվել է մինչև 18 տարեկան 16 396 երեխայի մոտ։ Այդ մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Առողջապահության նախարարությունից։
Դեկտեմբերի 2-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 15 997 մարդ։ Այսպիսով, վերջին ամսվա ընթացքում աճը կազմել է 399 մարդ:
2022 թ․-ի մարտի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 11-ը երկրում գրանցվել է մինչև 18 տարեկան 146 (+7՝ վերջին ամսվա ընթացքում) բուժառու՝ բազմահամակարգային բորբոքման համախտանիշով:
COVID-ային իրավիճակը
Դեռևս հունվարի 13-ին առողջապահության նախարարության մասնագետը հայտարարել էր, որ Հայաստանում աճում է կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը։ Ավելին, վերջին շրջանում առաջին անգամ գրանցվել է COVID-19-ի վերարտադրության բավականին բարձր գործակից՝ 2,3։
Մեր հարցման պատասխանում նշվում է, որ հունվարի 10-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 0.9։ Ընդամենը 14 օրում (տվյալները՝ 2021 թվականի հունվարի 11-ի դրությամբ) երկրում գրանցվել է COVID-19-ի 1575 նոր դեպք (53,2 դեպք 100 հազար բնակչի հաշվով):
Դա 16 տոկոսով պակաս է նախորդ երկու շաբաթների արդյունքներով արձանագրված ցուցանիշից։ Դեկտեմբերի կեսերից մինչև Ամանոր գրանցվել է 1884 դեպք (63.7 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով)։
Չի բացառվում, որ վերարտադրության գործակցի բարձրացումը կապված է երկրում հայտնաբերված «Օմիկրոն» շտամի հետ։ Մասնագետների խոսքով՝ այդ շտամի մեկ կրողն ունակ է վարակել ավելի քան 30 մարդու։ Ներկայումս Հայաստանում հաստատված է «Օմիկրոնով» վարակման ընդամենը երկու դեպք (երկուսն էլ «ներկրված»)։
Կրկնավարակներն ու խթանիչ դեղաչափը
2020 թ․-ի մարտի 1-ից մինչև 2022 թ․-ի հունվարի 10-ը Հայաստանում գրանցվել է COVID-19-ով կրկնակի վարակման 4906 դեպք (մեկ ամսում այդ ցուցանիշն աճել է 400-ով):
Լրիվ պատվաստված քաղաքացիների ընդհանուր քանակից (ավելի քան 740 հազար) COVID-19 հայտնաբերվել է 7141 անձի կամ 0,96%-ի մոտ:
Հունվարի 9-ի դրությամբ երկրում արվել է 1216 բուստերային (խթանիչ) պատվաստում։ Պատվաստանյութ է ստացել նաև 8 653 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ։
Մոտ ժամանակներս գերատեսչությունը նախատեսում է կորոնավիրուսի դեմ Pfizer-ի արտադրության պատվաստանյութ գնել։