ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ և Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սպառնաց ընդդիմությանը մոռանալ համբերատարության մասին, եթե չդադարեն իրեն մեղադրել թուրքական ազդեցության գործակալ լինելու մեջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ավելի վաղ նշել էր, որ Ռուբինյանն ուսումնառություն ու պրակտիկա է անցել Թուրքիայում և հնարավոր է` թուրքական գործակալ է։
Ռուբինյանը նշեց, որ բոլոր նմանատիպ պնդումներն անհիմն են և ինքը կարող է մի կողմ դնել իր բարեհամբույր ու համբերատար լինելը և դիմել այլ քայլերի։
«Եվ կարամ ասեմ ու անեմ բաներ ձեզ հետ», - նշեց նա։
Խամոյանը փորձում էր հակաճառել դահլիճից, սակայն Ռուբինյանը նրան թույլ չտվեց խոսել։
«Ինձ հետ «դու»–ով չխոսես։ Հանգստացե՛ք բոլորդ ու իմացեք` ինչ եք խոսում ու ում մասին», - նշեց ԱԺ փոխնախագահը։
Այնուհետև նա դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին` պահանջելով, որ կարգի բերեն իրենց թիմի անդամներին։ Նա պնդեց, որ սա առաջին ու վերջին զգուշացումն է։
ԱԺ–ում ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մանրամասներ ճշտել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից, սակայն իշխանական թևը հայտարարեց, թե գաղտնի ոչինչ չկա, ամեն ինչ կատարվում է հրապարակային։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում: