ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:
Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից:
Հիշեցնենք` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հունվարի 8-ին հայտնել էր, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամով վարակվելու 2 դեպք է հայտնաբերվել։
Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը շրջանառվում է աշխարհի մի շարք երկրներում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու դեպքեր են գրանցվել աշխարհի 100-ից ավել երկրներում։
ԱՄՆ-ի և Ճապոնիայի գիտնականների տվյալներով՝ «Օմիկրոնը» կարող է ավելի թեթև ընթացք ունենալ, քանի որ ավելի քիչ է ազդում թոքերի վրա։ «Օմիկրոնի» ախտահարման հիմնական գոտին քիթ–կոկորդն է ու վերին շնչուղիները։