ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստան–Թուրքիա և հակառակ ուղությամբ թռիչքներն իրականացվելու են այնպես, ինչպես ոչ վաղ անցյալում, բայց ավելի ցածր գներով։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը, որի ընտանիքը հանդիսանում է «Flyone Armenia» ավիաընկերության բաժնետերերից մեկը։
«Այն սկզբունքը, որով այդ ավիաընկերությունը ստեղծվել է, «լոուքոսթն» է` ցածր գներով ավիաընկերություն»,– ասաց Սուքիասյանը։
Թե երբ կիրականացվի առաջին չվերթը, Սուքիասյանը չհստակեցրեց, բայց վստահեցրեց, որ նոր չվերթն ունի պահանջարկ։
Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու իրավունք են տվել։
2021թ–ի դեկտեմբերի 23-ին «Flyone Armenia» ընկերությունը դիմել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեին` շաբաթական 3 Երևան-Ստամբուլ-Երևան չվերթ իրականացնելու հայտով, ու դեկտեմբերի 30–ին թույլտվություն ստացել։
Թուրքական «Pegasus» ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ին ևս հայտարարել էր, որ մտադիր է Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր սկսել ու այդ նպատակով դիմել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեին։ Թույլտվությունը ստացվել է հունվարի 10-ին։