ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանի խորհրդարանը հրաժարվեց քննարկել ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերի վերաբերյալ: «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստի օրակարգում։
Ինչպես նախագիծը ներկայացնելիս հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նախագիծը հնարավորություն կընձեռեր քննարկել ստեղծված իրավիճակը: Պետք է ցույց տալ, թե որտեղ են կարմիր գծերը Հայաստանի և Արցախի համար, որոնք հակառակորդը չպետք է անցնի։
«Իհարկե, ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ չենք ցանկանում, որ հակառակորդը դառնա հարևան։ Բայց չէր կարելի առանց նախապայմանների հետ քաշել հայկական զորքերը 2020-ի ռազմական գործողություններից հետո»,-հայտարարեց Օհանյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն իր հերթին նշեց, որ հայտարարության տեքստում օգտագործվում են բացասական ձևակերպումներ գործող իշխանությունների հասցեին, որոնք կարող են թուլացնել Հայաստանի բանակցային դիրքերը։ Բացի այդ, հայտարարության մեջ Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերը շաղկապված են Արցախի հարցի հետ, ինչը գործող իշխանությունը ճիշտ չի համարում։
«Առաջին հարցը տարածքային է, երկրորդը՝ ժողովրդի ինքնորոշման հարց է, և դրանք միավորելը ճիշտ չէ»,-ասաց Գրիգորյանը։
Ի պատասխան, «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ իշխանությունները միտումնավոր տորպեդահարում են ընդդիմության կողմից քաղաքական քննարկումների ցանկացած նախաձեռնություն։
«Եթե ձեզ դուր չէին եկել իշխանության հասցեին ձևակերպումները, կարելի էր պարզապես փոփոխել հայտարարության տեքստը, բայց, այնուամենայնիվ, քննարկել այն։ Չի կարելի խուսափել կարծիքների փոխանակումից անգամ նման բարդ հարցերի շուրջ»,-հայտարարեց նա։
«Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը դեմ է քվեարկել լիագումար նիստին հայտարարության նախագծի ներառմանը։