ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին։ Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։
Սանոսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և հաջողություն մաղթել առաջիկա աշխատանքում։
«Թևոնյանը, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին և վստահ եմ, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի այդ խնդիրների լուծմանը», - նշել է նախարարը։
Բացի դա, Սանոսյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանին իրականացրած աշխատանքի, մարզային խնդիրների լուծման հարցում հետևողական լինելու համար։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Թևոնյանը Սեդրակ Թևոնյանին հայրն է։ Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետ է նշանակվել 2020-ի դեկտեմբերի 10-ին կայացած կառավարության նիստում։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ռազմիկ Թևոնյանն անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին հրաժարվել էր մարզպետի պաշտոնից, բայց մի քանի օր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:
Նա հրաժեշտ տվեց պաշտոնին հունվարի 12-ի կառավարության նիստում, իսկ որդին նույն օրը ստացավ պաշտոնը։ Ի դեպ, ավելի վաղ` հունվարի 4-ին, Սեդրակ Թևոնյանը պատգամավորի մանդատից (ՔՊ) հրաժարականի դիմում էր ներկայացրել: