ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ ՆԱՏՕ-ն ոչ թե խաղաղության աղավնի է, այլ առճակատման գործիք, որն ընտրվում է Ռուսաստանի սահմաններին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչքան հասկանում ենք` ՆԱՏՕ –ն կազմակերպություն է, որը ստեղծվել է առճակատման, ոչ պաշտպանության համար։ Եվ ՆԱՏՕ-ն խաղաղության, կայունության և բարգավաճման աղավնի չէ։ Եվ առճակատման այդ զենքն օրեցօր ավելի է մոտենում մեր սահմաններին», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան չի կարող համակերպվել Ուկրաինա դաշինքի ներխուժման հետ։
«Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի աստիճանական ներխուժումն Ուկրաինայի տարածք՝ իր ենթակառուցվածքով, իր հրահանգիչներով, պաշտպանական ու հարձակողական սպառազինության պաշարներով, ուկրաինացի զինվորականների ուսուցմամբ և այլն»,-արձանագրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը «կարմիր գծին» է հասցրել Մոսկվայի ու դաշինքի հարաբերություններին ։
«Եվ դա գլխավոր պատճառն էր, որի համար նախագահ Պուտինն ասել է. «Տղե՛րք, մեզ համար դա իրական սպառնալիք է»: Եվ դա իրական սպառնալիք է Եվրոպայում կայունության, անվտանգության և անվտանգության եվրոպական ճարտարապետության համար», - ասել է Պեսկովը։
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Մոսկվան ոչ մեկին չի սպառնում ռազմական գործողությամբ, բայց դաշինքի հետագա ընդլայնման դեպքում ստիպված կլինի հակազդեցություն ցուցաբերել:
Պեսկովը ավելացրել է, որ ռուսական կողմը պնդում է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին ուղիղ պատասխան է պետք։ Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի շուրջ լարվածությունը հիմա շատ բարձր է, իսկ դա «չափազանց վտանգավոր է մեր մայրցամաքի համար»:
Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի, ինչպես նաև Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի նախագծերը:
Այդ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան խորհրդակցություններ կայացան հունվարի 10-ին Ժնևում, հունվարի 12-ին Բրյուսելում տեղի ունեցավ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ հունվարի 13-ին Վիեննայում անցկացվեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի խորհրդակցությունը, որտեղ քննարկվեցին նշված առաջարկությունները: