ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել, որի հետևանքով երկու երեխա զոհվել են, ևս մի քանի խաղաղ բնակիչներ վիրավորվել են։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով պատահարի ականատեսի խոսքերը:
Նշվում է, որ ռումբը պայթել է Բագրամիի շրջանում թալիբների ավտոմեքենայում։
«Ռումբը պայթեց... ժամը մոտ 12.00-ին (տեղական ժամանակով,–խմբ.), սպանվել է երկու երեխա, վիրավորվել են ևս մի քանի խաղաղ բնակիչներ»,- պատմել է ականատեսը։
Հիշեցնենք` օգոստոսի սկզբին թալիբները հարձակվեցին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին նրանց հաջողվեց մտնել Քաբուլ։ Հաջորդ օրը նրանք հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է:
Օգոստոսի 30–ի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։
Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամադ Հասան Ախունդը:
*«Թալիբանը» ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: