ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանում խոզի միսը թանկանում է, քանի որ աճում են խոզի կերի գները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հանրապետության թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Հացահատիկը, ինչպես և մյուս պարենային ապրանքները, վերջին տարում թանկացել են ամբողջ աշխարհում (պահանջարկի աճի և համեմատաբար ցածր բերքատվության պատճառով): Մասնավորապես, հացահատիկի բերքը նվազել է նաև Ռուսաստանում (իսկ կերային ցորենը Հայաստանում հիմնականում ներկրվում է)։
Բացի կերի գներից, կորոնավիրուսային համաճարակի սկսվելուց հետո կտրուկ աճել են նաև դրանց փոխադրման գները։
Թռչնաբույծների միության նախագահն ասում է, որ բազմաթիվ ջանքերի գնով տեղի ֆաբրիկաները պայմանավորվել են չբարձրացնել հավի մսի գները, որպեսզի այն բնակչության լայն խավերի համար հասանելի լինի։ Մանրածախ վաճառքում ամբողջական հավի գինը շարունակում է մնալ 1390-1490 դրամ։
Բայց թռչնաֆաբրիկաները կարող են այդպես վարվել նաև այն պատճառով, քանի որ ավելի դժվար է կտրուկ ավելացնել կամ կրճատել արտադրությունը. իրենց տնտեսությունները համեմատաբար խոշոր են։ Հայաստանում խոզաբուծությամբ հիմնականում զբաղվում են փոքր ֆերմաները, որոնց համար ավելի հեշտ է խնդիրների դեպքում մորթել կենդանիներին։
«Մարդկանց գնողունակությունը նվազել է։ Դրա համար էլ և՛ ռեստորանները, և՛ խանութներն ավելի քիչ են գնում խոզի միս, նաև շուկաներում է առևտուրը պակասել։ Իսկ ավելի քիչ սպառումը նշանակում է ավելի թանկ գին», - ասում է Ստեփանյանը:
Նշենք, որ խոզի միսը Հայաստանում թանկացել է և հիմա մեկ կիլոգրամն արժե մոտ 4000 դրամ։