ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀԱՊԿ-ի գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն չկա. Ստանիսլավ Զաս

Ստանիսլավ Զաս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կարծում է, որ կազմակերպության խնդիրներից մեկն է զարգացնել հարաբերությունները անվտանգության ապահովման հարցերով զբաղվող այլ կառույցների, միջազգային կազմակերպությունների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն չկա։ Նման կարծիք է հայտնել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը RT-ին տված հարցազրույցում։
Մեկնաբանելով Ղազախստանի իրադրության կայունացման գործում կազմակերպության խաղաղապահ ուժերի մասնակցությունը՝ Զասն ասել է, որ դա դաս է եղել «բոլորի համար»:

«Շուտով մենք հանգիստ մթնոլորտում կվերլուծենք այս ամբողջ գործընթացը, որոշակի եզրակացություններ կանենք մեզ համար ու, եթե պետք է, ինչ-որ շտկումներ կանենք։ Այլ հարց է, որ մեր գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Որովհետև այն համակարգը, այն մեխանիզմները, որոնք մենք ստեղծել ենք ՀԱՊԿ- ում, հիմա իսկապես աշխատեցին և վատ չաշխատեցին», - կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հարցին՝ կարելի՞ արդյոք է արձանագրել, որ ՀԱՊԿ-ը իր պատասխանատվության գոտում գերիշխող ուժ է, նա դրական է պատասխանել։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանից ՀԱՊԿ-ի ռուս խաղաղապահներով 19 ինքնաթիռ է մեկնել
«Այո, անկասկած այդպես է։ Ավելին, խնդիրներից մեկն այն է, որ մենք պետք է զարգացնենք հարաբերություններն անվտանգության ապահովման հարցերով զբաղվող այլ կառույցների, միջազգային կազմակերպությունների հետ։ Կարծում եմ՝ այս ճանապարհն էլ կանցնենք», — ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Ընդ որում, նա արձանագրել է, որ ՀԱՊԿ-ը տարբեր հարաբերություններ ունի միջազգային կազմակերպությունների հետ։ Կան այնպիսիք, որոնց հետ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում օգտակար փոխգործակցություն է ձևավորվել, օրինակ` Շանհայի համագործակցության կազմակերպության հետ։ Լավ հարաբերություններ կան ԵԱՀԿ-ի հետ։ Բացի այդ, գործնական կապեր են հաստատվել ՄԱԿ-ի հետ, առաջին հերթին խաղաղապահ գործունեության, ահաբեկչության դեմ պայքարի գծով:

«Ուրիշ կազմակերպությունների հետ շատ վատ ենք համագործակցում կամ ընդհանրապես ոչ մի կերպ չենք համագործակցում, դա նույնպես իրականություն է։ Բայց դրան պետք է հանգիստ վերաբերվել։ Թեև, մեր գնահատմամբ, դա չի նպաստում Եվրասիայում հավաքական անվտանգության ապահովմանը։ Դրա համար բոլորիս համար լավ կլիներ, եթե նորմալ հարաբերություններ կառուցեինք», – խոստովանել է Զասը։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: