ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայում «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է։
Արմեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագծի իրականացման վերաբերյալ այսօր ձեռք բերած պայմանավորվածության առթիվ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ (16 հունվարի, 2022թ). Աբու Դաբի
© Photo : official site of the President of RA
Նախագահը շեշտել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար։ Նա վստահ է, որ կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ:
«Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է նաև «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։
Անդրադարձ է արվել Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում ևս մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին: