ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կստանձնի անդամ պետությունների պաշտպանությունը գունավոր հեղափոխության փորձի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ։
«Մենք ցույց տվեցինք, որ ՀԱՊԿ-ը լուրջ կազմակերպություն է, և որ նրանք պետք է հաշվի նստեն դրա հետ։ ՀԱՊԿ անդամ ցանկացած այլ պետությունում գունավոր հեղափոխության փորձերի դեպքում ՀԱՊԿ-ը միշտ պաշտպանության է կանգնելու։ Դա շատ կարևոր է»,- ասել է նա՝ պատասխանելով Ղազախստանում կազմակերպության գործողությունների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գնահատման մասին հարցին։
Մատվիենկոն հիշեցրել է, որ Ռուսաստանը Ղազախստանի հետ ամենաերկար սահմանն ունի։
«Եթե ժամանակին չհաջողվեր հաղթահարել այդ իրավիճակը, դա սպառնալիք կլիներ ոչ միայն Ղազախստանի ինքնիշխանության, այլև հարևան երկրների անվտանգության և ինքնիշխանության համար»,- վստահ ասել է Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը Ղազախստանում ցույց է տվել իր գործունակությունն ու պահանջվածությունը:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: