ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Երևանում 39-ամյա բազմազավակ մայր Քրիստինա Մանուկյանը լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին: Ուրախ լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է Շենգավիթ ԲԿ-ն, որտեղ էլ ծնվել է փոքրիկը։
Օրերս լույս աշխարհ եկած Մոնթեին անվանակոչել են ի պատիվ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի։
Տղան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով՝մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ:
Նորածնի խնամքով զբաղվում է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը:
Սա 39-ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է: Քրիստինան ունի 1 աղջիկ և արդեն 9 որդի։
Նշվում է, որ երեխան և հերոս մայրիկն արդեն բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից։