ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Ալմաթիում զանգվածային անկարգությունների օրերին հանցագործները յոթ հարձակում են գործել քաղաքի դիահերձարանների վրա, որտեղից ավելի քան 40 մարմին են առևանգել: Տեղեկությունը հայտնում է քաղաքի ոստիկանության վարչության պետ Կանատ Թայմերդենովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք չեն թողել սպանվածներին, վիրավորներին տարել են իրենց հետ, այս օրերին յոթ հարձակում է եղել դիահերձարանների վրա, որտեղից 41 զոհվածների (հանցակիցների, - խմբ.) մարմին է առևանգվել», - ասել է նա:
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 1000 մարդ է վիրավորվել։ Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով՝ զոհվել են 17 ղազախստանցի ուժայիններ, տուժել է ավելի քան 1,3 հազար մարդ: Միայն Ալմաթիում անկարգությունների ժամանակ զոհվել են 149 քաղաքացիական անձ և 11 ոստիկան։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: