ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանում կեսարյան հատման վիրահատությունների և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշների նվազեցմանն ուղղված մեխանիզմները քննարկվել են առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` հավելելով, որ նիստը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Նիստին քննարկվել են նաև հղիության ընթացքում պետպատվերի շրջանակներում ընդգրկված հետազոտությունների ցանկի ընդլայնման հարցը։
«Նիստի ժամանակ քննարկվել է պրենատալ սկրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման, ինչպես նաև մարզային հիվանդանոցների բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերվող խնդիրները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկի ընդլայնման հարցերին նույնպես անդրադարձ է կատարվել։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին հայտնի դարձավ` ծնելիության խթանման ծրագրերից մեկը` արհեստական բեղմնավորումը, պետպատվերով, այսինքն` անվճար կդառնա մի քանի խումբ մարդկանց համար։ Պետական պատվերով արհեստական սերմնավորում և բեղմնավորում կարող են անել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների և կամավորների ծնողները, զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե կնոջ հաշմանդամությունը հակացուցում չի հղիության համար, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները և ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները՝ 28 և ավելի միավոր գնահատված։