ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Իշխանությունը, վախենալով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տապալել, որոշել է այդ հարցի քննարկումը կազմակերպել անձերի քվեարկությունների ցանկում ամենավերջում, այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Մասնավորապես, երեկ ԱԺ խորհուրդը հաստատել է հունվարի 17-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը, որում ընդգրկված է 24 հարց, և ՄԻՊ ընտրությունն ամենավերջին հարցն է լինելու:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՄԻՊ–ն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, իսկ ՔՊ-ական պատգամավորների թիվը՝ 71:
«Իհարկե, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե ՔՊ-ն անհանգստանալու համար ամենևին էլ խնդիր չունի, սակայն դա միայն առաջին հայացքից։ Բանն այն է, որ հունվարի 15-20-ը ԱՄՆ է մեկնելու ԱԺ պատվիրակությունը, որի կազմում ՔՊ խմբակցությունից 3 հոգի է ընդգրկված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը: Չի բացառվում՝ նրանք անգամ չհասնեն Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը»,–գրում է թերթը։
Այսինքն` եթե այդ օրերին այլ բացականեր ևս լինեն, ապա իսկապես ՔՊ-ն կանգնելու է խնդրի առջև: Իսկ ՄԻՊ քվեարկության տապալումն իշխող ուժի համար ամենաանցանկալի սցենարն է:
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 3-ին ՔՊ–ն հայտարարել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։