ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հիշեցնենք` ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը երեկ ԱԻ պետական ծառայությանն էր փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք: Հայտարարվել էր, որ բանակցություններ են ընթանում որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ: