ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների հարձակման հետևանքով զոհված երեք ժամկետային զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, շարքային Վահան Վաչագանի Բաբայանը, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով։
Հիշեցնենք` հունվարի 11–ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։