ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, իբր, պատրվակ է փնտրում Ուկրաինա ներխուժելու համար, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Առանց շատ մանրամասների մեջ մտնելու՝ մենք ունենք տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանն արդեն ակտիվորեն աշխատում է Ուկրաինա պոտենցիալ ներխուժման համար պատրվակ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Քիրբին։
Ըստ նրա, ԱՄՆ–ի տեղեկություններով ՌԴ–ն օպերատիվ խումբ է պատրաստել` ուրիշ դրոշի տակ գործողություն իրականացնելու համար: Իսկ գործողությունը, ըստ ԱՄՆ պաշտոնյայի, պետք է նման լինի Ուկրաինայում իրենց կամ այլ ռուսալեզու մարդկանց վրա հարձակման` որպես ներխուժման հիմնավորում:
Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի կեսը։ Մոսկվան մտահոգություն էր հայտնել ՆԱՏՕ-ի երկրներից ռուսական սահմանների մոտ ռազմական տեխնիկա տեղափոխելու և Դոնբասում արևմտյան հրահանգիչների թվի ավելացման կապակցությամբ։
Արևմտյան երկրները շարունակում են ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ զենք մատակարարելով Դոնբաս։