Մոսկվայում ավարտվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով 1-ին հանդիպումը

Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի բանակցությունները տևել են մեկուկես ժամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ առաջին բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական ԶԼՄ–ին։
Ըստ հաղորդագրության` հանդիպումը տևել է 1,5 ժամ։
Նշենք, որ Երևանն ու Անկարան դեկտեմբերին հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Դեռ հունվարի 5–ին հայտարարվել էր, որ Հայաստան–Թուրքիա կարգավորման երկկողմ հարաբերությունների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
Այսօր` հունվարի 14-ին, կեսօրին մոտ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել էին Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տուն՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպմանը մասնակցելու։