Ատոմակայանում ֆինանսական խնդիրների լուծմանն ուղղված կառավարության միջոցառումը կարճաժամկետ բյութ ունի և կավարտվի վարկային միջոցների մարման հետ միասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը։
«Ատոմակայանում աշխատանքի ոչ պլանային դադարներ նախատեսված չեն, այն կկանգնի միայն վերալիցքավորման համար նախատեսված ժամկետներում»,– նշեց էներգետիկ փորձագետը։
Անդրադառնալով կառավարության կողմից էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը` Մարջանյանն ընդգծեց, որ այն կարելի է համարել բավարար այն իմաստով, որ մինչ օրս հնարավոր է եղել խուսափել կտրուկ թանկացումներից, և կառավարությունը նախկինում ընդունված սակագները մինչև վերջին հնարավոր սահմանն անփոփոխ պահելու, այնուհետև հասարակությանն ու Հայաստանի ողջ տնտեսությունը ցնցումների ենթարկելու արատավոր պրակտիկայից կարծես թե հրաժարվել է։
Մարջանյանի կարծիքով` ՀՀ կառավարությունը փորձում է սահուն կերպով բարձրացնել սակագները, բայց մեզանում շարունակում է մնալ ֆունդամենտալ պրոբլեմը, այն է` հատկապես արտադրող և քիչ թե շատ շոշափելի ծավալով սպառողների համար բոլոր տեսակի սակագնային վճարումներն անթույլատրելի բարձր տոկոս են կազմում եկամուտների համեմատ, և այդ համամասնությունը Հայաստանում խախտված է արդեն քսանհինգ տարի, իսկ կառավարությանն այդպես էլ չի հաջողվել գտնել խախտված համամասնության շտկման բանալին։
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ հաստատված 2021-2022թթ. ատոմակայանի էլեկտրաէներգիայի սակագնում 10,187.17 մլն դրամով պակաս են հաշվարկվել 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների համար ներգրավված վարկերի մարման և սպասարկման ծախսերը։
Արդյունքում` 2021-2022թթ. սակագնային տարում ատոմակայանում առաջանալու է ֆինանսական ճեղքվածք, ինչն իր հերթին կազդի սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի ընդհանուր սակագնի վրա։
ՀՀ կառավարությունը հունվարի 13-ին որոշում է կայացրել թույլատրել Հայկական ատոմակայանին 2021 թվականին ատոմակայանի վերագործարկման նպատակով հատկացրած գումարից 6 մլրդ դրամն ուղղել վարկերի մարման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը։